Հանգստյան օրերին Հայաստանի սահմաններին ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը, սակայն խախտումները ծավալային բնույթ չեն կրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ սահմանին լրացուցիչ ուժեղացում չկա, իսկ զգոնությունը մեծացնելու մասին Հայաստանի նախագահի հրամանը կատարվում է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, սակայն այդ խախտումները հայկական կողմից կորուստների չեն հանգեցրել:

Հիշեցնենք, որ պետության ղեկավարը օգոստոսի 31-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովին ազատելու կապակցությամբ հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կարգադրել էր մեծացնել Զինված ուժերի զգոնությունը: