Սեպտեմբերի 2-ին Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի եւ Հունգարիայի Ռեֆորմիաստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ ասվում է. «Հավատում ենք, որ միայն Աստված է արդարորեն դատում մեզ բոլորիս եւ Նրա առջեւ է, որ պետք է բոլորս մի օր կանգնենք: Սակայն պետությանն է տրված իշխանությունն ու պատասխանատվությունը ծառայելու եւ պաշտպանելու հասարակությանը. այսպիսով` հանցագործներին թողնել ազատությունը վայելել Աստծու պատվիրանին դեմ է: Մենք լիովին հասկանում ենք ներման` դատապարտելի քայլի առնչությամբ հայ ժողովրդի վրդովմունքը եւ մեր ժողովրդի անունից հայտնում մեր համերաշխությունը»:

Անհանդուրժելի նկատելով հանցագործի ազատ արձակումը` Հունգարիայի ավետարանական հարանվանությունները հույս են հայտնել, որ արդարությունը կվերականգնվի»: