Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` սեպտեմբերի 3-ին հետաձգվել է նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի բողոքի քննությունը։ Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը բողոքի քննությունը հետաձգել է մինչեւ սեպտեմբերի 4-ը, ժամը 15։ 30-ը։

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` Մխիթար Պապոյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ին մերժել է «Սիվիլիթաս հիմնադրամի» բողոքը` Ազգային անվտանգության ծառայության որոշումն անվավեր ճանաչելու մասին:

«Սիվիլիթաս» հիմնադրամը պահանջել էր վերացնել քրեական գործի հարուցումը ԱԱԾ-ի կողմից:

Հիշեցնենք, որ «ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»:

Ըստ քննության նյութերի` «Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1մլն 135 հազար դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության եւ գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել»: