Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ հետագա ներում շնորհումը պրովոկացիա էր Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ տարածաշրջանի հանդեպ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, երբեւիցե գաղտնիք չի եղել, որ ադրբեջանական կողմը աշխատում է այդ ուղղությամբ: «Իսկ այն պետությունները, ովքեր օգնեցին գլուխ բերելու այս գործարքը, ակնհայտորեն միտում ունեին տարածաշրջանում մեծացնելու լարվածությունը: Այդ երկրներից մեկը արդեն իսկ ակնհայտորեն տեսանելի է, եւ դա Թուրքիան է»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ Ռամիլ Սաֆարովը, եթե ոչ թուրքական հատուկ ծառայությունների, ապա թուրքական ազդեցության գործակալ է միանշանակ:
Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղարը նշեց նաեւ, որ այս քայլը Ադրբեջանը փորձում է օգտագործել ներքաղաքական քարոզչության եւ նաեւ ադրբեջանական վարչախմբի հեղինակությունը բարձրացնելու նպատակով: «Օգոստոսի 31-ին հաջորդած բոլոր հարցազրույցներում ուղղակի կարմիր թելով գնում է, որ Ալիեւը կանգնած է ամենավերջին շարքային քաղաքացու թիկունքին, որտեղ էլ նա լինի: Անտեր չի թողնում եւ ի զօրու է լուծել մի խնդիր, որի լուծմանը, ոչ ոք չի հավատում: Ի դեպ, ադրբեջանցիները խելքի օպերացիա են համարում այս տխրահռչակ քայլը, եւ կարծում են, որ եթե սա հնարավոր դարձավ, ապա միանգամայն հնարավոր է Ալիեւի գլխավորությամբ մյուս սրբազան նպատակը իրականացնել, որը ԼՂ հիմնախնդրի լուծումն է»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը եւ Ալիեւի այդ քայլը կապեց նախընտրական իրավիճակի հետ ու նշեց, որ մինչ օրս չտեսնված քայլ է, երբ նախագահի վերջին հույսը Սաֆարովի նման մարդասպանն է:
Ստյոպա Սաֆարյանը ընդգծեց, որ եթե հայկական դիվանագիտությունը ցանկանում է արդյունքներ ստանալ, ապա պետք է գործի չափազանց կարճ ժամանակահատվածում, հակառակ դեպքում ստացվելու է, որ բռունցքներ թափահարվեցին օդում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























