Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ դրա հետեւանք հանդիսացող թմրամոլության հակազդման եւ կանխարգելման նպատակով, ՀՀ ոստիկանության 2012 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի եւ Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013թթ. ծրագրի իրականացման ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի» պլանի համապատասխան պահանջների համաձայն` այս տարվա օգոստոսի 7-ից 30-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվել է «Կանեփ-կակաչ-2012» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր` հայտնաբերել եւ ոչնչացնել վայրի աճած եւ ապօրինի աճեցված ու մշակված կանեփի եւ կակաչի կանաչ զանգվածները:
Միջոցառման արդյունավետությունն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հուլիսի 30-ի հեռախոսագրի համաձայն, ոստիկանության Երեւան քաղաքում, մարզային վարչություններում ստեղծվեցին շտաբներ, որոնք ղեկավարում էին վարչությունների պետերը, իսկ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները նշանակվեցին օպերատիվ խմբերի պատասխանատուներ:
Միջոցառման արդյունքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է վայրի աճած 82 տոննա 666.6 կգ կանեփի եւ 39 կգ կակաչի կանաչ զանգված:
Ոստիկանության ծառայողներից բացի միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների եւ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:
Ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների շնորհիվ` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, մարզային վարչությունների եւ նրանց ենթակա բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում 86 քաղաքացիների տնամերձ հողամասերից եւ շինություններից հայտնաբերվել եւ առգրավվել է շուրջ 810 կգ կանեփի կանաչ զանգված:
Բացի այդ, հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 54 դեպք, ինչի արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 265.8 մլ դեզոմորֆին, 2 կգ 768 գրամ մարիխուանա, 740 գր հաշիշ, 1.1 գրամ հերոին, 2.3 գրամ կոդեին, 10 հատ սուբուտեքս տեսակի թմրամիջոցներ, 15 մլ եւ 14 հատ հոգեմետ դեղահաբ, 1 սառը զենք, 1 օդամղիչ ատրճանակ, 3 նռնակ, տարբեր տրամաչափի 556 փամփուշտ:
Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող մեկ անձ:
Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է որսորդական 6 հրացան, տարբեր տրամաչափի 72 փամփուշտ:




























