«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը, ««Արենի» Փառատոն» հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանը եւ Լոռու մարզի մարզպետարանը,  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպում են արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը:

Փառատոնի կազմակերպման նպատակն է` ապահովել հայկական խոհանոցի ավանդական ուտեստների,  մասնավորապես,  խորովածի մասսայականացումը եւ տարածումը` հրապարակավ ներկայացնելով այն որպես հայկական խոհանոցի եւ խոհանոցային մշակույթի անբաժանելի մաս:Փառատոնը միտված է նաեւ  զարգացնելու զբոսաշրջությունը համայնքներում՝ այս պարագայում Ախթալայում,  ինչպես նաեւ, առավելապես ներգրավելով տեղի բնակչությանը՝ ապահովել վերջիններիս զբաղվածությունը:

Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին, անցած երեք տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ մասսայականություն եւ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:

Խորովածի առաջին փառատոնին` 2009թ.-ին, մասնակցել են  ութ ռեստորաններ Հայաստանից եւ  2000 այցելու,  անցած տարի 2011թ-ին` Խորովածի երրորդ փառատոնին,  մասնակցել  25 ռեստորաններ` Հայաստանից եւ Վրաստանից,  եւ մոտ 15 000 այցելու աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ:

Փառատոնի ծրագիրն ընդգրկում է՝

• բացման հանդիսավոր արարողություն

• խորովածի պատրաստման  հետ կապված ողջ գործընթացի ցուցադրում խորովածի տարբեր տեսակների ցուցադրություն-համտես

• պրոֆեսիոնալ խորոված պատրաստողների մրցույթ

• խաղային մրցույթներ

• ազգային երաժշտություն (‹‹Սասնա ծռեր›› ազգագրական համույթ, ‹‹Հորովել›› երգի եւ պարի պետական համույթ, ‹‹Լազուր›› ժողգործիքների համույթ, ‹‹Փողային նվագախումբ››, Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան, Մկրտիչ Մկրտչյան, Դավիթ Ամալյան եւ այլն):

• նկարների ցուցահանդես` հայ նկարիչների մասնակցությամբ

Փառատոնը կեզրափակվի համերգային ծրագրով, որին կմասնակի  The Beautified Project խումբը:

Միջոցառմանը հրավիրված են նաեւ ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների,  զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Ավտոբուսների տոմսի արժեքն է՝ 5000 դրամ(երկկողմանի):