Այսօր մեզանում շատացել են արտամուսնական կապերը, քանի որ փոխվել է մարդկանց մտածելակերպը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով` այս խնդրով շատ են գալիս եկեղեցի և դիմում իրենց: Քահանայի փոխանցմամբ` ավանդական հայ ընտանիքը շատերի կողմից դիտվում է որպես հետամնացություն, ինչը պայմանավորված է մեզանում առկա բարոյականության անկման եւ տղաների ինքնահաստատման ձգտումով, քանի որ հիմնականում նրանք են արտամուսնական կապեր ունենում:
«Արտամուսնական կապերից խուսափելու համար պետք է վերադառնալ մեր բարոյական կերպարին: Հայի ազգային նկարագրում չպիտի լինի «արտամուսնական կապ» հասկացությունը, որովհետև դա մեր ազգի բարոյական նկարագրին հարիր չէ»,- նշեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան Սամվել Խուդոյանն արտաամուսնական կապերի հիմքում տեսնում է սոցիալական գործոնը, քաղքենիությունը, քանի որ սոցիալական գործոնի դեպքում կին ու տղամարդը ամուսնանում են չսիրելով, չոր հաշվարկի հիման վրա, իսկ հետագայում դավաճանում են միմյանց, քանի որ նրանց ընտանիքում չի իշխում սերը. «Այսպես մեծանում են այս զույգերի երեխաները՝ չունենալով լիարժեք , միմյանց սիրող ընտանիքում դաստիարակվելու հնարավորություն»,- ասաց հոգեբանը:
Սամվել Խուդոյանի խոսքով` երեխաներին նորմալ ընտանիքի մոդել չի ներկայացվում ոչ դպրոցում, ոչ մանկապարտեզում,ոչ ընտանիքում, ոչ էլ հեռուստատեսությամբ:




























