Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա ականավոր պետական եւ հասարակական գործիչ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան մասին:
Ֆադեյ Սարգսյանն արժանիորեն վայելում էր պետականության բարձր գիտակցությամբ օժտված, բանիմաց ու հեռատես գործչի համբավ, ում ողջ կենսագրությունը երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրվելու վառ օրինակ է: Տարիներ շարունակ զբաղեցնելով ամենաբարձր պետական պաշտոններ` մինչեւ կյանքի վերջին օրը նա հավատարիմ մնաց մարդկային իր հատկանիշներին` ընդգծված համեստությանը, բարությանն ու ներողամտությանը: Ժամանակակիցները նրան միշտ կհիշեն իր բարի ժպիտով, որը միաժամանակ եւ քաջալերում, եւ պարտավորեցնում էր»:
Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ «ցանկացած աշխատանք կամ ոլորտ, որ ղեկավարվել է Ֆադեյ Սարգսյանի կողմից, հուսալիության ամուր պաշար եւ հաջողության լուրջ հավակնություններ է պարունակել: Մեծ է նրա` որպես կառավարության ղեկավարի ավանդը Հայաստանի զարգացման գործում: Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսեւորվել են նաեւ հանրապետության գիտական կյանքի կազմակերպման գործում` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարելու տարիներին:
Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում հայրենիքի առաջ ծանրակշիռ ծառայություններ ունեցող մարդու ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»:
Նշենք, որ գիտնական եւ պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանը մահացել է այսօր՝ հունվարի 10-ի գիշերը, 86 տարեկան հասակում:




























