Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: «Համոզված եմ, որ Ձեր այցը լուրջ խթան կհանդիսանա մեր երկու պետությունների միջեւ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական հարաբերությունների զարգացման գործում: Իրաքի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի հարաբերությունների ամրապնդման մեծ ներուժ եւ երկու երկրների կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ներուժն իրացնելու համար»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ Հայաստանը շահագրգռված է դրանում:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռաուշ Նուրի Շաուեյսը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրաքի նախագահի, խորհրդարանի նախագահի եւ վարչապետի ջերմ ողջույնները: Իրաքի փոխվարչապետն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: «Այդ նպատակով առաջին քայլերից մեկը Երեւանում Իրաքի դեսպանատան վերաբացումն է լինելու»,- նշել է Ռաուշ Նուրի Շաուեյսը:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են հայ-իրաքյան հարաբերություններին՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ գիտության, զբոսաշրջության, արդարադատության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հեռանկարային է համարվել հայկական արտադրատեսակների, մասնավորապես, գյուղմթերքների, հանքային եւ խմելու ջրերի, բնական հյութերի եւ պահածոների արտահանումն Իրաք: Այդ առումով կարեւորվել է հայ եւ իրաքցի գործարար շրջանակների միջեւ կապերի հաստատումը եւ տեղեկատվության փոխանակումը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողով, որը կձեւավորի երկկողմ համագործակցության ուղղություններն ու կնպաստի համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը:
































