Հիմա, երբ մեր իրականության մեջ Սաֆարովի դեպքի շուրջ անկանոն, խուճապահար վերլուծություններն ու քննադատությունները մի փոքր տեղի տվեցին, իսկ միջազգային հանրության դիրքորոշումն էլ որոշակիացավ, կարելի է, թերևս նոր, ավելի հավասարակաշռված հայացք գցել իրերի ընթացքին:
Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երկրի ներսում կոնկրետ ուժեր կարթը պղտոր ջուրը գցած սպասում են հարմար առիթի, որպեսզի ապահովեն իշխանության նկատմամբ իրենց քննադատության օրապահիկը: Ընդորում, քննադատում են չտրամաբանված և չհիմնավորված: Օրինակ, քննադատության ամենազավեշտալի և կրկնվող մեկնաբանություններից մեկն այն է, թե իբր «մեզ խաբեցին», ավելին` «մեզ խաբեցին, որովհետև մեր երկրի հեղինակությունը սասանված է»:
Նախ պետք է ընդունել, որ մեզ իրոք խաբել են, խաբել են նենգաբար, ինչի մասին նաև շեշտեց արտաքին գործերի նախարարը Ազգային ժողովի իր ելույթում: Բայց կա՞ արդյոք մեր մեղքը նրանում, որ մեզ խաբել են դիվանագիտության մեջ անընդունելի, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների միջազգային հրամայականի սահմաններում չտեղավորվող վարքագծով: Ասել, թե չենք կանխատեսել, սուտ է, քանի որ թե՛ նախագահ Սարգսյանը, թե՛ արտգործնախարարն իրենց ելույթներում հստակ նշեցին, որ, իրազեկ լինելով որոշ տեղեկատվության, հայկական կողմը մինչև վերջին պահը պարբերական շփումների մեջ է եղել հունգարական թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինների հետ և միանշանակ հավաստիացումներ ստացել, որ արտահանձնում չի լինելու: Եթե ինչ-որ մեկը գիտե, թե նման պարագայում բացի միանշանակ խոստումներից ու հավաստիացումներից ավելին ինչ էր պետք պահանջել հունգարական կողմից` առանց վիրավորելու դեռևս բարեկամական հարաբերությունները, թո՛ղ ասի:
Պնդում են, թե պետք էր վաղաժամ աղմուկ բարձրացնել, հրապարակայնորեն բողոքել, մի խոսքով անել այն, ինչ արվեց արտահանձնումից հետո: Եթե հունգարական կողմի պատասխանները լինեին բազմանշանակ, կամ պայմանական, ինչպես սովորաբար լինում է շահերի ընդհանրացման դիվանագիտական գործելակերպում, ապա, միգուցե, կարելի էր աղմուկ բարձրացնել, բայց երբ հակառակ կողմը միանշանակորեն մերժում է մեր կասկածները, նման աղմուկն առնվազն տարակուսանք կառաջացներ միջազգային հանրության մոտ և կդիտվեր որպես ոչ բարեկամական քայլ արդեն մեր կողմից: Այստեղ թույլ տվեք հիշել Լառոշֆուկոյի հանրահայտ աֆորիզմը, որն ասում է. «Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել»։
Կամ ի՞նչ է նշանակում՝ «մեզ խաբեցին, քանի որ Հայաստան պետության հեղինակությունը սասանված է, հեղինակություն չունենք…» և այլատիպ բարբաջանքներ։ Այդ նույն տրամաբանությամբ կարող են ասել, որ, օրինակ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հեղինակություն չունեն միջազգային ասպարեզում, քանզի որոշ երկրներ, տարիներ շարունակ հավաստիացումներ տալով միջուկային զենքի չտարածման կամ չհարստացման վերաբերյալ, այսօր չեն էլ թաքցնում, որ ողջ ընթացքում խաբել են նույն հանրությանը, ժամանակ ձգել և արել, այն, ինչ ուզում են։ Կամ նույն տրամաբանությամբ պետք էր «խաբված, հեղինակազրկված» կամ թույլ տերություն համարել ԽՍՀՄ-ին, այն պատճառով, որ Գերմանիան նրան «խաբեց» ու չհետևեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի պայմանավորվածություններին։ Նման օրինակները բազմաթիվ են՝ Փըրլ Հարբոր, Կորեական պատերազմ, Կարիբյան ճգնաժամ և այլն։
Ինչ վերաբերում է հունգարա-ադրբեջանական գործարքին, ապա սա ոչ թե պայմանավորված էր Հայաստանի, այլ Հունգարիայի կառավարության սասանված հեղինակությամբ։ Օրբանի կառավարությունը վաղուց արդեն հեղինակազրկել է իրեն եվրագոտում և միայն հեղինակազրկված կառավարությունը կարող էր իրեն անկաշկանդ զգալ հետագա պատասխանատվության մեջ։ Թեև այսօր հունգարական կողմը փորձում է որոշ նամակների, իրավական նորմերի, Բաքվից ստացված և այնտեղ ուղարկված նոտաների միջոցով ապացուցել աշխարհին, որ իրենց էլ խաբել, ակնհայտ է, որ նրանք պարզապես կյանքի են կոչում Մուրակամիի հայտնի խոսքերը. «Եթե ուզում ես ինչ-որ մեկին խաբել- սկզբում ինքդ խաբնվիր»։ Հեղինակազրկվեց, իհարկե, նաև Ադրբեջանը, թեև չեմ կարծում, թե դեռևս տեղ էր մնացել ավելին հեղինակազրկվելու։
Հեղինակության վերաբերյալ հակառակ փաստարկը շատ ավելի հիմնավոր է և պրակտիկայով ապացուցված։ Թույլ, սասանված հեղինակությամբ պետություններին չեն խաբում, նրանց մեջքի հետևում խիստ գաղտնի բանակցություններով համաձայնության չեն գալիս, ընդունված որոշումներն էլ կայծակնային արագությամբ չեն իրագործում/վախենալով հակազդեցությունից/, այլ պարզապես հայտարարում են իրենց մտադրությունների մասին, հիմնավորում դրանք և գործում այնպես, ինչպես ճիշտ են գտնում։
Միայն հզոր հակազդեցությունից խուսափելու, սեփական արատավոր արարքի հետևանքներից վախենալու, վնաս հասցվող պետության հակազդման հնարավորությունները բարձր գնահատելու դեպքում է, որ ոչ բարեկամական քայլը կատարվում է մեծագույն կոնսպիրացիայով ու հապճեպ իրագործվում։ Այդպես էլ եղավ Սաֆարովի պարագայում, և այսօր մենք տեսնում ենք, որ ողջ միջազգային հանրությունը մեր կողքին է կանգնած, բազմաթիվ կազմակերպություններն ու պետությունները իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանին։ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, տասնյակ այլ կազմակերպություններ ու պետություններ։ Մի՞թե կունենայինք այսպիսի հզոր արձագանք և աջակցություն մեր խնդիրների շուրջ միջազգային հանրության կողմից, եթե լինեինք թույլ ու տկար, չվայելեինք հեղինակություն։
Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ





























