NEWS.am-ը ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքում տեղադրված  ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի եւ ադրբեջանական մամուլում նրա անձի լուսաբանման մասին հոդվածի թարգմանությունը` որոշակի կրճատումներով:

Վաշինգթոնի համալսարանի դոցենտ Քեթի Փիրսը ադրբեջանական մամուլում Սաֆարովի գործի լուսաբանման վերլուծություն է անցկացրել: 

Ցանկացած կառավարություն այս կամ այն չափով մամուլն օգտագործում է հասարակության վրա ազդելու նպատակով, ուստի, հետեւելով, թե լրատվամիջոցները ինչպես են լուսաբանում այս կամ այն դեպքը, կարելի է պատկերացում կազմել դրա նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին:

BBC-ի մոնիտորինգի ծառայության տվյալներով, որը հավաել էր 2004-2011թթ. «Ռամիլ Սաֆարովի» անվան հիշատակմամբ բոլոր նյութերը, սպանության մասին առաջին նյութերը Սաֆարովին ներկայացնում էին իբրեւ միակ կասկածյալ: Հայկական լրատվամիջոցները սպանության մասին հայտնել էին նույն օրը` վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը եւ պնդելով, որ սպանությունն Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության հետեւանք էր:

Ադրբեջանական ATV հեռուստաալիքի նորությունների թողարկման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել էր, որ Սաֆարովի գործում պետք է հաշվի առնել վերջինիս հոգեբանական վիճակը: Դա ադրբեջանական մամուլում սպանության հիմնավոր դրդապատճառ գտնելու առաջին փորձն էր. «Սաֆարովը սպանություն է գործել, քանի որ հայերը նրան տառապանք են պատճառել»: Ըստ այդմ, Սաֆարովին հայտարարեցին հոգեպես անհավասարակշիռ անձ: Հետո  Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի քարտուղարը հայտարարեց, թե իբր Սաֆարովի շատ հարազատներ սպանվել են հայերի ձեռքով: Այդկերպ, Սաֆարովի` իբրեւ զոհի կարծրատիպը ներկայացվեց ադրբեջանական լսարանին:

Սպանությունից մեկ օր անց AFP-ն հոդված հրապարակեց`Ադրբեջանի ԱԳՆ-ից մեջբերումով` «Սաֆարովը հայերի ագրեսիայի զոհն է»: Հոդվածում նշվում էր, որ Սաֆարովի համբերության վերջին կաթիլը եղել է այն, որ Մարգարյանն իբր վիրավորել է իրեն, սակայն դրա ապացույցն այդպես էլ չգտնվեց:

Փետրվարի 27-ին Ադրբեջանի օմբուդսմենը միջադեպի նոր դրվագներ հավելեց` նշելով, որ «հայ սպաներն ադրբեջանցի աղջիկների տնքոցներով ժապավեն են նվագարկել եւ Ռամիլ Սաֆարովի ներկայությամբ ոտքերը սրբել են ադրբեջանական դրոշով: Ռամիլը պաշտպանել է ազգային արժանապատվությունը եւ ճիշտ է արձագանքել: Կարծում եմ, համաշխարհային հանրությունը պարտավոր է դա ընդունել»,- ասել էր նա:

Որտեղի՞ց է իմացել օմբուդսմենը, թե ադրբեջանցի աղջիկների տնքոցներով ժապավեն է եղել: Եւ ինչպե՞ս էր Մարգարյանին, որը 1994 թ. պատերազմի ավարտին  16 տարեկան էր, հաջողվել նման  բան ձայնագրել եւ պահել 10 տարի: Եւ ինչո՞ւ էր նա դա բերել Բուդապեշտ:

Մարտի 9-ին ադրբեջանական «Սփեյս» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սաֆարովի հայրը հանդիպել է որդուն, եւ նա է պատմել վիրավորանքների մասին: Սակայն դա տարօրինակ է, քանի որ փաստաբանները զգուշացրել էին ոչինչ չասել` ում էլ որ լինի:  

Սաֆարովի Ադրբեջան վերադառնալուց եւ ներում ստանալուց հետո այդ խոսակցութունները նորից վերսկսվեցին սոցկայքերում:

Ընդ որում, ոչ մի վկա չեն գտել ոչ լրագրողները, ոչ էլ դատարանը: Պետք է նշել, որ գործի` հայ կամ ադրբեջանական կողմին չպատկանող վկաները պատճառ չունեին  որեւէ բան թաքցնելու, եթե նման բան եղած լիներ: 

Եւ ի՞նչ դեր ունեն ապացույցները: Լրատվամիջոցները պետք է տարածեն պետության կողմից սահմանված դիրքորոշումը, տարածեն սադրանքներ: Նրանց չի հետաքրքրում ապացույցների բացակայությունը:

Ադրբեջանցիները կուրորեն հավատում են իրենց ազգային հեռուստաընկերությանը: Դրանով հաղորդված տեղեկատվությունը կասկածի ենթակա չէ:

Նույնիսկ իշխանության քննադատները չեն ցանկանում կասկածի ենթակել Սաֆարովի մասին իշխանությունների տեսակետը: Հայտնի ընդդիմադիր Էմմին Միլին բլոգում գրել էր, որ  կան ադրբեջանցիներ, որոնք համաձայն չեն կառավարական քարոզչությանը, սակայն նա էլ է հավատում, որ անարգելու դեպք եղել է:

Կհաղթի՞ արդյոք Ադրբեջանում դյուրահավատությունը: Ամենայն հավանականությամբ` այո: