Զինվորական դատախազության կողմից այս տարվա հունիսին  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն այս պահին բազմակողմանի քննություն է իրականացնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է նախարարության Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը Նշենք, որ դեռեւս այս տարվա հունիսին հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշներով: Ուշագրավ է, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը այժմ քննություն է իրականացնում ոչ միայն խարդախության գործով, այլեւ ինչպես նշեց Մերի Սարգսյանը, նաեւ հարկերից եւ պարտադիր այլ վճարումներից խուսափելու ուղղությամբ:

Թե խոսքը ինչ պարտադիր վճարումների մասին է, եւ կոնկրետ ով է խուսափել հարկերից, քննչական ծառայությունն առայժմ չի հայտնում:

Հիշեցնենք, որ ստուգումները վերաբերել են Պաշտպանության բանակին մատակարարվող մսամթերքին: Ըստ շրջանառվող տեղեկությունների` տավարի մսի փոխարեն բանակին տրամադրվել էր գոմեշի սառեցված միս: