Թուրքիան փորձում է դրդել Ռուսաստանին Հայաստանին հետ ավելի սերտ աշխատանքի, որ վերջինս իր հերթին լրացուցիչ զիջումների գնա Ղարաբաղի շուրջ բանակցություններում: Թուրքիան նաեւ կցանկանար, որ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում ավելի ակտիվ մասնակցեին նաեւ մյուս խաղացողները՝ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն: Այդ մասին ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում հայտարարել է International Crisis Group-ի (Միջազգային ճգնաժամային խմբի) Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

«Ռուսաստանը բոլոր միջազգային խաղացողների ֆոնին ամենից մեծ հնարավորություններն ունի հասնել համաձայնագրի ստորագրմանը, սակայն նա ամենազոր չէ: Համաձայնագիրը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու երկրների հանրությունները պատրաստ կլինեն ընդունել հիմնարար սկզբունքները»,- կարծում է Ֆրեյզերը:

Նա դրական է գնահատել ԵԱՀԿ բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ակտիվացումը, նկատելով, որ այդ գործընթացը Ադրբեջանում եւ Հայաստանում պետք է ուղեկցվի լայն քննարկումներով հիմնարար սկզբունքների շուրջ, քանի որ համաձայնագիրը հնարավոր է, երբ երկու երկրների հասարակությունները պատրաստ լինեն դրանք ընդունել:

«Այդ սկզբունքները չեն կարող պարտադրվել Ադրբեջանին եւ Հայաստանին ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի կողմի: Դրանք պետք է համաձայնեցվեն հասարակությունների կողմից»,- նկատել է Ֆրեյզերը:

Նրա կարծիքով, լավ է, որ Թուրքիան ձգտում է խաղաղության եւ կայունության հասնել Հարավային Կովկասում՝ փորձելով օգնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Բայց Թուրքիան պետք է գիտակցի, որ Ռուսաստանը չունի բավարար լծակներ այդ խնդրի լուծման համար:

«2008թ. նոյեմբերին ընդունված մոսկովյան հռչակագիրը դարձավ Ռուսաստանի անբավարար ազդեցության օրինակ: Ռուսաստանյան ղեկավարությունն իսկապես քայլ է կատարել եւ հաջողության հասել՝ ստանալով երկու նախագահների ստորագրությունները, բայց իրականում դա ոչինչ չի փոխել եւ չի մոտեցրել կողմերին համապարփակ համաձայնագրին»,- նշել է Ֆրեյզերը: