Ղազախստանի նոր վարչապետ է դարձել Սերիկ Ահմատովը: Նրա թեկնածության օգտին քվեարկել են երկրի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը: 

Ահմետովի թեկնածությունն առաջադրել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Երբ  նրա թեկնածությանը սատարել էր իշխող «Նուր Օթան» կուսակցությունը, արդեն  պարզ էր քվեարկության ճակատագիրը: 

Նոր վարչապետը դեռեւս  խորհրդային ժամանակներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, հայտնում է rbc-ն:

1990-ականների սկզբին կոմսոմոլների  նախկին առաջնորդը բիզնեսով է զբաղվել, սակայն 1998 թվականին վերադարձել է  վարչական աշխատանքին: Վերջին 14 տարիներին  եղել է  Տեմիրտաու քաղաքի ակիմ (քաղաքապետ), Աստանայի փոխքաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախարար, Կարագանդայի մարզի  ղեկավար: Ղազախստանի կառավարության փոխվարչապետ Ահմատովը դարձել է այս տարվա հունվարին: 

Նախկին վարչապետ Մասիմովը հրաժարական է տվել սեպտեմբերի 24-ի առավոտյան: Նա ստանձնել է նախագահական աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Քաղաքական այս գործիչը դիտվում է որպես նախագահի պաշտոնում Նազարբաեւի հնարավոր փոխարինող: