Այսօր` սեպտեմբերի 25-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» եւ «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների 1-ին դասը` Երեւանի Արաբկիր համայնքի Լեւ Տոլստոյի անվ. թիվ 128 հանրակրթական դպրոցի սաների մասնակցությամբ:
Միջին դպրոցական տարիքի 16 աշակերտներից ձեւավորված դասարանին ողջունեց արգելոց-թանգարանի տնօրեն, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը: Կարեւորելով դպրոցական կրթությունը վաղվա քաղաքացու ձեւավորման գործում` նա մասնավորապես շեշտեց ժառանգության ճանաչման եւ պահպանության նշանակությունը հայրենիքի բարձր վարկանիշ ունենալու գործում:
«Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» թեմատիկ սեմինարը, որը վարում էր ԵՃՇՀ դասախոս, ճարտարապետ Նունե Չիլինգարյանը, ընդհանուր հասկացություններից բացի դպրոցականներին ներկայացրեց ժառանգության բնագավառի հատուկ տերմինների եւ օրենքների մասին բացատրություններ ու օրինակներ` պատկերային նյութի ցուցադրմամբ: Դպրոցականների հետաքրքրությունը մեծ էր հատկապես համաշխարհային ժառանգության նկատմամբ: Աշակերտների բազմաթիվ հարցեր վերաբերում էին նաեւ ոչ-նյութական ժառանգությանը եւ այն պահպանելու միջոցներին. ինչպե՞ս չկորցնել լավաշի պատրաստման կամ խաչքարի կերտման ավանդույթը, որտե՞ղ են հավաքվում մեր ժողովրդական ասույթները, ինչպե՞ս է ընտրվում եկեղեցի կառուցելու վայրը …
Երկրորդ թեմատիկ սեմինարը ամբողջապես նվիրված էր Էրեբունի ամրոցի պատմությանն ու պահպանությանը: Համառոտ դասընթացն ունկնդրելուց հետո սեմինարի մասնակիցները արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանի հետ ծանոթացան հիմնական ցուցադրությանը եւ շրջեցին ամրոցի միջնաբերդում:
Սեմինարի ավարտին նրանք լրացրեցին հարցաշար` փորձելով գնահատել սեմինարի բովանդակությունն ու կազմակերպման ձեւը:
Երկու սեմինարների նյութը DVD կրիչով բաժանվեց բոլոր մասնակիցներին: Թեմատիկ սեմինարիների 2-րդ դասը կկայանա 2012թ. սեպտեմբերի 27-ին` գեղարվեստական կրթություն ստացող դպրոցականների մասնակցությամբ:
Սեմինարները նախապատրաստվել են Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության եւ նախագծի մասնակցային գործընկեր «Էրեբունի» արգելոց-թանգարանի կողմից` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ:
Նախագիծն իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) եւ Ուկրաինայում («Architectura I Prestizh», գործընկեր):
Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:




























