Այս տարի «Թատերական Լոռի» 21-րդ, միջազգային կարգավիճակով՝ 3-րդ փառատոնը, նվիրվում է անվանի դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի հիշատակին:
«Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979 թ.՝ նպատակ ունենալով տարեկան մեկ անգամ իրականացնել ոչ պրոֆեսիոնալ թատրոնների ստուգատես: 1980-ականներից այն դարձել էր ժողովրդական թատրոնների փառատոն՝ համախմբելով Հայաստանի եւ ԽՍՀՄ հանրապետությունների մարզերի ու շրջանների պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ թատերական գործիչներին:
2006 թ-ից փառատոնին մասնակցում են նաեւ Հայաստանի եւ արտերկրի պրոֆեսիոնալ թատրոններ: «Թատերական Լոռի» փառատոնը նպատակ ունի Լոռու մարզի բնակչությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, թատրոնի միջոցով մշակութային կապեր հաստատել Հայաստանի տարբեր շրջանների եւ աշխարհի երկրների միջեւ:
«Թատերական Լոռի» փառատոնին մասնակցելու է Հայաստանը, Վրաստանը, Արցախն ու Բելառուսի ներկայացնող 22 թատերախումբ, եւ14 մրցութային անվանակարգերում կխաղացվի 28 ներկայացում : Փառատոնի մրցութային հիմնական ծրագիրը կանցկացվի Ալավերդի քաղաքում, սակայն մասնակից թատերախմբերը ներկայացումներով հանդես կգան նաեւ Վանաձորում եւ Սպիտակում: Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 7-ին՝ Ալավերդու մշակույթի կենտրոնում կայանալիք մրցանակաբաշխության եւ փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ։
Կնշվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 80-ամյակը, Ալավերդու կենտրոնական գրադարանում կգործի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:
ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո անցկացվող «Թատերական Լոռի» փառատոնի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:




























