Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին է անդրադարձել Հարավային Կովկասի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով արեւմտյան հայտնի փորձագետ Թոմաս Դե Վաալը: Նրա հոդվածը հրապարակվել է «Foreign Policy»-ում:

Փորձագետը նշում է, թե խորհրդարանական ընտրություններից 13 օր առաջ վրացական իշխանությունը նախագահ Միխաիլ Սահակաշվիլու գլխավորությամբ ահռելի խնդիրների առջեւ են կանգնել: Եվրոպական երկրների շարքում, բնակչության թվի համեմատ, ամենաշատ ազատազրկվածները գտնվում են Վրաստանում: Այն է՝ 24 հազար մարդ, ինչը չորս անգամ ավելի է, քան այն ժամանակ, երբ Սահակաշվիլին իշխանության եկավ:

Դե Վաալի կարծիքով, բանտերում ազատազրկվածների նկատմամբ կտտանքների տեսագրությունը անկասկած ընդդիմությունն է տարածել, սակայն Սահակաշվիլին, այնուամենայնիվ, ընտրեց վստահություն չներշնչող «հարձակման» այլ ուղի: Նա ասաց, թե տեսագրությունների տարածումը «պայմանավորվածություն է, եւ կազմակերպված է Մոսկվայի կողմից»:

«Խնդիրը հետեւյալն է, երբ նախագահը հայտարարեց այն մասին, որ ինքը «ապշած էր», «շատ զայրացած» եւ տեղյակ չէր Վրաստանում բանտերի վիճակի մասին, նրան հազիվ թե հավատացին: Երկրի պատժիչ համակարգը եւ արդարադատության համակարգը կառուցվել է մարդկանց մի խմբի կողմից, որոնք այս պահին զբաղեցնում են վարչապետի, արդարադատության նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, իսկ բանտերում իրավիճակը գաղտնիք է, որի մասին գիտեին բոլորը»,- գրել է Դե Վաալը:

Փորձագետը իշխանության մասին խոսելով՝ մեջբերում է հույն վերլուծաբան Իլիա Ռուբանիսին, ով վրացական քաղաքականությունը կոչել է «պլյուրալիստական ֆեոդալիզմ»: Մրցակցությունն ընթանում է պատրիարքալ լիդերի, ով երկրում անսահմանափակ իշխանություն ունի, եւ ընդդիմադիր առաջնորդի միջեւ, ով ձգտում է առաջինին «գահընկեց անել», որպեսզի նույն իշխանությանը հասնի: «Ներկայիս մրցակցությունը համապատասխանում է այս նկարագրությանը: Պարզ ասած՝ սա Վրաստանի համար երկու սցենարի բախում է, որոնցով ներկայացված են երկու հզոր անհատներ՝ Սահակաշվիլին եւ նրա հիմնական ախոյան, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Սահակաշվիլու կուսակցությունը՝ «Ազգային միասնական շարժումը», համատեղում է արեւմտամետ գաղափարախոսությունը բյուրոկրատական մեքենայի հետ միասին: Սա հետխորհրդային կուսակցության համար օրինաչափություն է:

«Վրացական երազանք»-ը՝ Իվանիշվիլու դաշինքը, ավելի բազմազան է: Նրանց միավորում է միայն Իվանիշվիլու նկատմամբ հավատարմությունն ու գործող նախագահի նկատմամբ ընդդիմադիր կեցվածքը: Ընդդիմությունը աջակցություն ունի մայրաքաղաք Թբիլիսիում՝ հանձին դեմոկրատների, ովքեր հույս ունեն, որ իշխող կուսակցության մենաշնորհին վերջ կդրվի: Մայրաքաղաքից դուրս ընդդիմությունը հաճախ տնտեսական պոպուլիզմի եւ հազիվ կոծկված ազգատյացության վրա է խաղում»,- նշել է փորձագետը:

Դե Վաալը առանձնապես կենտրոնացել է Բաթումում իրավիճակի վրա: Նրա խոսքով՝ արագ զարգացող քաղաքի բնակչությունը դժգոհում է աշխատատեղերի բացակայությունից եւ թուրքերի ներհոսքից: «Թուրքիան աշխատում է Սահակաշվիլու հետ, որպեսզի վերադարձնի Բաթումը (մինչեւ 1878թ. Բաթումը Օսմանյան կայսրության տիրապետության տակ է գտնվել)»,- ասել են Դե Վաալին բաթումցիները:

«Շրջագայելով Վրաստանում, ես պարադոքս նկատեցի: Իշխող կուսակցությունը վատ է աշխատում արտասահմանյան ներդրումների հոսքով մարզերում, քանի որ, հնարավոր է, չի կարողանում բացատրել, որ ներդրումներն անհրաժեշտ են»,- նկատել է փորձագետը:

Նա կարծիք է հայտնել, որ Սահակաշվիլու կուսակցությունը հնարավոր է ստանա պետական աշխատողների, ազգային փոքրամասնությունների՝ հայերի եւ ադրբեջանցիների ձայները, ովքեր աշխատում են քվեարկել իշխանության համար, որպեսզի ապացուցեն պետականության նկատմամբ նվիրվածությունը եւ միգուցե այն պատճառով, որ ներկայիս իշխանություններն ունեն ավելի լավ տվյալներ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում: