Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից
Կատաղություն հիվանդությունը ներկայումս առողջապահության ոլորտի կարեւոր հիմնախնդիրներից է: Կատաղության դեմ պայքարի եւ կանխարգելման ալյանսի տվյալներով` ամեն տարի աշխարհում կատաղություն հիվանդությունից մահանում է գրեթե 55 հազար մարդ: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են աֆրիկյան եւ ասիական երկրներում: Արձանագրված դեպքերի 40%-ը բաժին է ընկնում մինչեւ 14 տարեկան երեխաներին:
Հայաստանում կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը: Կատաղության էպիզոոտահամաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում եղել է համեմատաբար հանգիստ: Ինչպես 2011թ, այնպես էլ 2012 թ անցած ամիսների ընթացքում հանրապետության բնակչության շրջանում կատաղություն հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 2008 եւ 2009 թվականներին դիտվել է էպիզոոտահամաճարակային իրավիճակի աշխուժացում: Նշված տարիների ընթացքում բնակչության շրջանում արձանագրվել է 3 դեպք (Շիրակի մարզ): Նշենք, որ կատաղությունը (Rabies, lyssa, hydrophobia), գրեթե 100%, մահացու ելքով, սուր, բնական–օջախային զոոնոզ հիվանդություն է: Կատաղության հարուցիչը` Neuroryctes rabiei պատկանում է ֆիլտրվող վիրուսների շարքին, որոնք անջատվում են հիվանդ կենդանու եւ մարդու թքից: Կենդանի օրգանիզմից դուրս դրանք անմիջապես ոչնչանում են: Վիրուսի հիմնական պահոցը վայրի կենդանիներն են, այդ թվում` աղվեսներ, գայլեր, կրծողներ: Ընտանի կենդանիներից կատաղություն հիվանդությամբ հիվանդանում են խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիները, կատուները, շները: Սակայն, բնակչության համար որպես կատաղություն հիվանդության բնական աղբյուր, էական դերը պատկանում է շներին` հատկապես թափառող: Ինչքան մեծ է կենդանու շփումը մարդու հետ, այնքան մեծ է վարակման վտանգը:Մարդու համար վարակի աղբյուր են համարվում գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսեւորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի /կծվածի/ տեղակայմամբ եւ ծանրությամբ: Այն կարող է ընթանալ մի քանի օրից մինչեւ 1 տարի եւ ավելի: Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու արդյունքում եւ այլն): Կենդանու նկատմամբ սահմանվում է 10-14 օրյա հսկողություն: Այն դեպքում, երբ կենդանին (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) վնասել է մարդուն եւ առաջացրել է մաշկի ամբողջականության խախտում, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության` համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ կազմակերպելու եւ իրականացնելու համար: Կենդանուց տուժելուց մի քանի ժամ հետո վերքի մշակումը եւ կանխարգելիչ պատվաստումները կարող են կանխել կատաղության հիվանդության առաջացումը: Հակակատաղության պատվաստումներն իրականացվում են սահմանված կարգով` թույլատրված իմունակենսաբանական պատրաստուկներով: Բնակչության շրջանում կծվածության դեպքերի նվազեցման արդյունավետ ճանապարհը թափառող կենդանիների նկատմամբ կանխարգելիչ անասնաբուժական միջոցառումների (ստերջացում, պատվաստումներ եւ այլն), ընտանի կենդանիների խնամքի եւ պատվաստման կազմակերպումը եւ իրականացումն է` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների:
Կարեւորելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կենդանիներից տուժելու դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության:




























