Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի 42 շենքի 45 բնակարանի սեփականատեր Ալլա Սեկոյանը արդեն մեկ տարի է ինչ չի կարողանում իր սեփական տուն ներխուժած նախկին վարձակալներին դուրս հանել իր տանից նույնիսկ դատարանի վճռով եւ ստիպված նրա ամուսինը` Գագիկ Ոսկանյանի դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակից իրավապաշտպան Հայկ Գեւորգյանը:

Իրավապաշտպանի խոսքով, Գագիկ Ոսկանյանը պատմել է, որ կնոջը` Ալլա Սեկոյանին պատկանող Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի 42 շենքի 45 բնակարանում անցյալ տարի վարձակալական հիմունքներով բնակվել է Գայանե Ղազարյանը իր ընտանիքի անդամների հետ միասին: Սակայն տեւական ժամանակ բնակարանի վարձավճարը չի մուծել, սեփականատերերի բնակարանից դուրս գալու պահանջն էլ անտեսել է: Սեփականատերերը ստիպված են եղել դիմել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ ստեղծված խնդիրը լուծել դատական կարգով` ըստ որի դատարանը վճիռ էր կայացրել վտարել վարձակալներին: Վտարումից մեկ տարի անց, սակայն Գայանե Ղազարյանը չպարզված հանգամանքներում ներխուժել է Սեկոյանին պատկանող բնակարան եւ առ այսօր հրաժարվում է այն լքել: Ոստիկանությանը դիմած Գագիկ Ոսկանյանի ջանքերը նույնպես ապարդյուն են անցել, քանի որ շուրջ մեկ ամիս է ոստիկանությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ :

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրավապաշտպան Հայկ Գեւորգյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով պարզաբանումներ տալ խնդրի վերաբերյալ: Օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը նամակին պետք է պատասխաներ սեպտեմբերի 24-ին: Սակայն Հայկ Գեւորգյանը նշեց, որ ոստիկանությունից պատասխան դեռ չեն ստացել եւ խնդրի մասին հիշեցնող եւս մեկ հիշեցում են ուղարկել ոստիկանապետին: