Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 30-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հերթական 4-րդ մեծ կոնգրեսի ժամանակ կրկին ընտրվեց կուսակցության նախագահ:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մեծ կոնգրեսը տեւել է մինչեւ կեսգիշեր, որի ավարտին տեղի է ունեցել կուսակցության առաջնորդի ընտրությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը ըստ կուսակցության կանոնակարգի, վերջին անգամ է ընտրվել կուսակցության նախագահ: Էրդողանը ստացել է պատվիրակների 1421-ի ձայնը:
Ընտրվել է նաեւ կուսակցության 50 հոգանոց Կենտրոնական որոշման գործադիր խորհրդի կազմը, որտեղ հայտնվել են 21 նոր անուն եւ Կենտրոնական գործադիր խորհրդի 12 հոգանոց կազմը:
Նշենք, որ Էրդողանի եւ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ստեղծված «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2002-ի խորհրդարանական ընտրություններին անակնկալ հաղթանակ տարավ եւ մինչ այժմ տեղի ունեցած ընտրություններում շարունակվել է իշխող կուսակցությանը տված ձայների ավելացումը: Վերջին ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը ստացել է մոտ 50 տոկոս ձայն;




























