Հնարավոր է` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնից հեռանա ժամանակից շուտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը: Թե կոնկրետ ինչ ժամկետի մասին է խոսքը, նա չնշեց` հավելելով, որ կլինի, կիմանանք:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Վարդան Ղուկասյանը իր իրերը տեղափոխում է գիշերով, նա նշեց. «Գիշերով իրեր չենք տեղափոխել: Մարդը իր անձնական իրեր ունի, չտանի՞: Ես իմ գրքերն ունեմ, տարել եմ, չտանե՞մ: Գիշերային մեկնաբանություններին ես ասելիք չունեմ, բայց մարդ եթե անձնական իր ունենա տանելու, կտանի եւ չի նայի` ցերեկ է, թե գիշեր: Գիշերային ժամերի հետ կապված կոնկրետ դեպք չի եղել, մենք թաքցնելու բան չունենք»,- ասաց նա:
Նշենք, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ «168 ժամը» գրել էր, թե Վ. Ղուկասյանին պարտադրել են հոկտեմբերի 9-ին դիմում ներկայացնել եւ կամովին ազատել քաղաքապետի պաշտոնը: «Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Ս. Բալասանյանին հնարավորություն կտա, որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել Գյումրի քաղաքի օրը` հոկտեմբերի 9-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին»,- գրել էր թերթը: Իսկ «Ժողովուրդը» գրել էր, թե
Վարդան Ղուկասյանը սկսել է իրեն պատկանող իրերը հավաքել Գյումրու քաղաքապետարանի իր նախկին աշխատասենյակից: Թերթի փոխանցմամբ` քաղաքապետը իր մտերիմներին հրահանգել է իրերի հավաքման գործընթացը կազմակերպել բացառապես գիշերվա ժամերին:




























