Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2012թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին: Հանրապետության ղեկավարը Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե ՏՏ բնագավառում Նախագահի կրթական պարգեւը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին եւ աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի եւ բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ տաղանդ, ինչպես նաեւ ներգրավված են հասարակական ծրագրերում:
Հաղթողների համար սահմանվել են` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ մասնակից», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները: Մրցանակաբաշխության գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովի կողմից: Թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը եւ առաջադրումը կատարվում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգեւները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ Նախագահի 2012թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին ու աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:




























