Երեւանի Արզումանյան-4 շենքի մի խումբ բնակիչներ դիմում-բողոք են հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, խնդրելով դադարեցնել իրենց բակում ընթացող շինարարությունը, որի պատճառով ծառեր են հատվել ու ճաքեր առաջացել տներում:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
Մեծարգո պարոն Քաղաքապետ,
Նախորդ նամակում տեղեկացրել էինք Ձեզ այն մասին, որ Արզումանյան, 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել եւ վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր:
Վերջին օրերի ընթացքում, քանի որ մենք ներկայացրել էինք մեր բողոքը եւ Ձեզ, եւ լրատվամիջոցների միջոցով, «լույս աշխարհ» եկավ շինարարության նախագիծը, ինչպես նաեւ Ձեր կողմից տրված նման աշխատանքների իրականացման թույլատվությունը: Ավելի քան համոզված ենք, որ Ձեզ ներկայացրած փաստաթղթերը ոչ լիովին օրինական են եղել, քանի որ անտեսված եւ շրջանցված են մի քանի շատ կերեւոր դրույթներ`
1. Ապագա երկհարկանի շինության դեպքում հարակից շենքերի 1-2-րդ հարկերը բոլորովին կզրկվեն բնական լուսավորությունից, քանի որ նախատեսվող կառույցը գտնվում է նրանցից անթույլատրելի մոտ` նույն նախագծում նշված 6 մետրի փոխարեն 3 մետր հեռավորության վրա:
2. Արդեն իսկ հիմքը փորելու ժամանակ մոտակա Արզումանյան, 4 եւ Հալաբյան, 13 հասցեներում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքերի պատերին նոր ճաքեր են առաջացել: Շինարարության ժամանակ դրանք քանակը անկասկած կշատանա` լուրջ վտանգ առաջացնելով բնակիչների համար:
3. Ժամանակին միակողմանի /ինչը վերականգնելու համար եւս դիմելու ենք Ձեզ/ Արզումանյան փողոցում գտնվում են 3 դպրոց` երկու հանրակրթական եւ մեկ արվեստի դպրոց: Նման շինության /օբյեկտի/ հայտնվելը դպրոցների հարեւանությամբ խիստ անցանկալի է, քանի որ առանց դրա էլ լարված ավտոմեքենաների հոսքը խթանելով, սեփական հոսքով, լուրջ վտանգ է ներկայացնելու դպրոցականների անցուդարձի համար:
4. Արմատախիլ են արվել մի քանի ծառեր. ի սկզբանե երեխաներին խոսք էին տվել, որ մանկական խաղահրապարակը վերականգնելուց հետո այստեղ կտնկվեն նոր ծառեր: Պարզվեց, որ ակնհայտ սուտ էր: Տարածքի սեփականատերը թույլ էր տվել իրեն դիմել այդ ստոր քայլին` առաջին հերթին «հիմնվելով», սակայն իրականում արժեզրկելով Ձեր իսկ կողմից նախատեսված` մեր քաղաքի համար շատ կարեւոր եւ հեռատես կանաչապատման քաղաքականությունը: Հավանաբար, ունենալով բարձրաստիճան եւ ազդեցիկ հավանավորներ, որոնք, հավանաբար օգնել են նրան շրջանցել մի շարք դրույթներ, սեփականատերը կարծում էր, որ այս «անմեղ» արարքն էլ նրան կներվի:
Ավելին` Ռաֆիկ Ազատյանը, որպես «փաստարկ» ակտիվորեն ներկայացնում է տարածքի ձմեռային լուսանկարը, որն ինքն արել է մինչ հողատարածքին տիրանալը: Մերկ ծառեր, չորացած խոտ: Այսինքն՝ ամայի տարածք, չոլ: Դիմենք “Google Map”- ի օգնությանը: Նամակին կցված լուսանկարի ձախ կողմի վերեւի նկարում, որն արված է օգոստոսի սկզբին, բացահայտ երեւում են Ազատյանի կողմից կտրած ծառերի սաղարթամասերը: Բացի այդ, մենք նույնպես ունենք այդ հողատարածքի ձմեռային լուսանկարը, ավաղ, Ազատյանի համար ոչ օգուտ տեսանկյունից: Այ քեզ բան…Կրկին ծառեր… Իսկ ահա Ազատյանի զոհերը՝ կարմիրով ընդգծված կտրած ծառերի սաղարթամասերը, որոնք նա բների հետ անկանխատեսորեն չի հասցրել տեղափոխել… շառից փորձանքից հեռու: Եվ այդ ամենից հետո պարոն Ազատյանը պիտի հեքիաթներ հորինի՞ եւ մարդկանց աչքերին թոզ փչի՞…
Հաշվի առնելով այս ամենը, մենք խնդրում ենք Ձեզ վերանայել եւ չեղյալ ճանաչել Ռաֆիկ Ազատյանին 13.04.2012 տրված №01/18-Ա-1616-229 շինարարության թույլտվությունը /կից ներկայացված է թույլտվության պատճեն/: Խնդրում ենք Ձեզ պարտավորել Ռ. Ազատյանին վերականգնել տարածքի սկզբնական տեսքը: Մենք էլ մեր կոզմից` թաղապետարանի աջակցությամբ, դուրս կգանք շաբաթօրյակի եւ նոր ծառատունկ կկազմակերպենք:
Մեծարգո պարոն Մարգարյան, հարգելով այն ամենը ինչ Դուք անում եք մեր քաղաքի համար` վերանորոգելով եւ գեղեցկացնելով մեր սիրելի Երեւանը, անթույլատրելի ենք գտնում, որ մեկ անփույթ եւ խարդախ «բիզնեսմենի» պատճառով անցանկալի ստվեր ընկնի Ձեր նման անձնանվեր մարդու հոգատար գործունեության վրա: Մենք գիտենք, որ Դուք հիմա զբաղվում եք մեր քաղաքի ծննդյան օրվա՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքներով, սակայն համոզված ենք, որ տոնակատարությունից հետո, Դուք սատար կկանգնեք այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, ովքեր սատարում են Ձեզ եւ Ձեր ընտրած անչափ շնորհակալ եւ մարդասիրական ուղին՝ ինչն է մեր քաղաքի կանաչապատումը, մանկական հրապարակների ստեղծումը: Հավատացեք, որ մեր երեխաները, Երեւանի ապագան, որոնց խոստացել էին այդ խաղահրապարակը, հավատում են եւ սպասում: Նրանք հույսով են եւ հավատում են, որ դուք կվերականգնեք արդարությունը, եւ շուտով նրանց կնվիրեք իրենց փափագելի կանաչապատ մանկական խաղահրապարակը:
Մինչ որոշում կայացնելը խնդրում ենք Ձեր միջամտությամբ կասեցնել շինարարության շարունակությունը` բնակիչներին անցանկալի քայլերից զերծ պահելու համար:





























