Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահների մարդ ծեծելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:

Նշենք, որ  galatv.am-ի տեղեկություններով երեկ`հոկտեմբերի 11-ի առավոտյան, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին: Ըստ տեղեկությունների` նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ:  Դեպքը, ինչպես պատմեցին Գյումրու «Պոլիգոններ» կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է Բալասանյանների ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկի նախկին աշխատակիցը, հեռացրել են աշխատանքից, ինչի պատճառով էլ ծագել է վեճը: Արթուրը երկար ժամանակ զբաղվել է սպորտով, հետո որոշակի ժամանակով աշխատել է Անուշարանում՝ որպես անվտանգության աշխատակից: Նրան աշխատանքից հեռացրել են առանց բացատրության, ինչի հետեւանքով էլ ծագել է վիճաբանություն:

Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից երեկ երեկոյան galatv.am-ին տեղեկացրել էր, թե միջադեպի մասին ոստիկանությունը տեղեկություն չունի: «Ես զանգահարեցի նաեւ Գյումրի քաղաքի ոստիկանապետին, իրանք էլ նման տեղեկություն չունեն, բողոքող ու հիվանդանոց դիմողներ չկան, բայց ես հանձնարարել եմ վաղը զբաղվել այդ գործով»,-ասել էր Կ. Բաբակեխյանը: