Գոմեշի մսի գործով կալանավորված Ալբերտ Օհանջանյանը սրտի կաթված է տարել եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

«Հետքի» աղբյուրը հաստատել է այն տեղեկությունը, որ Օհանջանյանն իսկապես նախկինում սրտի վիրահատություն է ենթարկված եղել, իսկ ահա կալանավորման օրը սրտի ընդհանուր կաթված է տարել, ինչի հետեւանքով բժիշկները ստիպված արյունատար անոթների լայնացում են կատարել զոնդավորման միջոցով: 

Գոմեշի մսի գործով կալանավորված Ալբերտ Օհանջանյանը, որը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է, որպես կասկածյալ ձերբակալվել է օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 1-ին նրան մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը նա կալանավորվել է: Առաջադրված հոդվածը հետեւյալն է. «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Այս հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը: