«Մաքսայինն է պատասխանատու երկրի ներմուծման եւ արտահանման համար, սակայն նույն մաքսայինը Հայաստանի տարածքից դուրս չի կարող վերահսկողություն սահմանել, դա աբսուրդ է, իսկ օրենքը ենթադրում է հենց դա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ՏՏՁՄ) իրավաբան Արկադի Սահակյանը:

Խոսքը «Երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին է վերաբերում, որի քննարկմանն էր նվիրված հունվարի 19-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏ ԶԱԽ) նիստը:

Ըստ ՏՏՁՄ իրավաբանի` գործող օրենքում որոշակի դրույթներ եւ հոդվածներ փոխարինվելու են նորերով, որից օրենքը նոր իմաստ է ստանալու եւ հանգեցնելու է մի շարք բացասական հետեւանքների. «Ամենամեծ խնդիրը օրենքում նախատեսվող նոր պարբերությունն է, ըստ որի՝ „պետք է վերահսկել արտահանվող ապրանքի վերջնական օգտագործումը“»: Ըստ Ա. Սահակյանի` այստեղ պետությունը չունի այն լրիվ մեխանիզմը, որպեսզի վերահսկի, թե օտար երկրում իր երկրից դուրս եկած ծրագիրը, արդյունքում որտեղ կկիրառվի: Հաջորդ խնդիրը, որն անմիջապես վերաբերում է կոնկրետ ՏՏ ոլորտին, հետեւյալն է. «Օրենքում „մտավոր սեփականության օբյեկտներ“ հասկացողությունը փոխարինվել է „համակարգչային ծրագրեր եւ տեխնոլոգիաներ“ արտահայտությամբ, որն անմիջապես խոչընդոտում է ՏՏ ոլորտին, քանի որ Հայաստանում կան մի շարք ՏՏ ընկերություններ, որոնց գործը հենց արտասահմանի համար ծրագրեր գրելն է, իսկ վերահսկել այս ամբողջ ծավալը հնարավոր չէ. այսինքն` այն ապրանքը, որ մինչեւ այժմ գնահատելի չի եղել, մտնում է վերահսկողության տիրույթ»,- ասում է Ա. Սահակյանը:

ՏՏ ԶԱԽ նիստի եզրակացությունը հետեւյալն է`

1. Դիմել վարչապետին, որպեսզի էկոնոմիկայի նախարարության վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունը հանվի շրջանառությունից:

2. Միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի նմանատիպ դեպքերը կանխվեն եւ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի տեղեկության՝ ՏՏ ոլորտում օրենսդրական փոփոխություններ չիրականացվեն:

3.Գործընթացներն այնպես իրականացնել, որպեսզի վերոնշյալ օրենքը չխոչընդոտի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: