Նախագահական ընտրությունները սպորտային մրցապայքար չեն, որ առաջին երկու տեղեր լինեն, դա ստեղծագործական պրոցես է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց բոլոր կարողությունները: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է  Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը (ֆոտոռեպորտաժ):

Մեկնաբանելով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը մրցակից չունի` Հակոբյանը արձագանքել է. «Նախ՝ արքունի թութակին հորդորենք, որ Աստծուց առաջ չընկնի: Նախագահական ընտրությունները սպորտային մրցապայքար չեն, որ առաջին երկու տեղեր լինեն, դա ստեղծագործական պրոցես է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց ողջ կարողությունները, թե արդյոք կարող են լինել նոր տնտեսական քաղաքականության ճարտարապետը: Արդյոք գահը զբաղեցնելուց  հետո կարող են լինել ազգի ուսուցիչը, հայրը»:

Հակոբյանը խստորեն քննադատել է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կամ, ինչպես ինքն է ասում, Ռոբին Հուդին: «Ամենամեծ հանցագործը երկրի երկրորդ նախագահն էր՝ Ռոբին Հուդը եւ այն ժամանակվա արդարադատության նախարարը:   Ռոբին Հուդը  գոնե Վարդան Օսկանյանին  պաշտպանական ճառով հանդես գար, եւ  իշխանության գլխին քննադատական ճառ կարդալու փոխարեն, ափսոսանք է հայտնում եւ փուռը տալիս ու փախչում: Հիշեք նրա խոսքը՝ տղամարդ չկա Հայաստանում, տեսանք քո տղամարդկությունը»,- նշել է մարքսիստը, իսկ Օսկանյանի նախագահական հավակնությունների մասով էլ նկատել. «Որքան էլ հարգում եմ նրա համեստությունը, սակայն  Վարդան Օսկանյանը չի կարող լինել գահի հավակնորդ: Նախագահ կարող է լինել միայն  նոր տնտեսական քաղաքականության գաղափարական վարդապետը»:

Վերջում գլխավոր մարքսիստը շեշտել է, որ նախագահական ընտրություններին որեւէ մեկին չի սատարելու եւ իր ուերը կենտրոնացնելու է ընտրությունների վրա, որտեղ, ի դեպ, իրեն արժանի գաղափարական մրցակից չի տեսնում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի