Սեւանա լճի մակարդակը 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1899,23 մետր, իսկ ողջ տարվա ընթացքում լճի բարձրացումը կազմել է 38 սմ, անցած ութ տարիներին 291 սմ:
2009թ. Հայաստանի բնապահպանության նախարարությունը Սեւանա լճի տարածքում ավարտել է 600 հեկտար անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները:
ԲՆ կողմից Հայաստանի կառավարության ներկաայցված հաշվետվության մեջ նշված է, որ 2009թ. նախարարության համար գերակա խնդիր էր հռչակվել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցություն կանխարգելման միջոցառումների իրականացումը, որ նախարարությունն իրականացրել պետբյուջեից հատկացված 253,3 մլն դրամի հաշվին:
2009թ. ընդայնվել են բնության հատուկ պահպանվող տարածքները, ստեղծվել են"Արփի լիճ" եւ «Արեւիկ» ազգային պարկերը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական» եւ «Զանգեզուր» պետական արգելավայրերը: Ներկայումս Հայաստանի տարածքի շուրջ 12 տոկոսը հատուկ պահպանվող տարածք է:
2009թ. լիճ է բաց թողնվել 145 հազար գեղարքունու եւ 140 հազար հատ ամառային իշխանի մանրաձուկ, եւս 20 հազար մանրաձուկ էլ նվեր է տրվել Սեւանա լճին:
Բնապահպանության նախարարությունը 2009թ. ընթացքում 725 ստուգում է իրականացրել տարբեր տնտեսվարող սուբյեկտներում՝ հայտնաբերելով բնապահպանական 793 խախտում, կազմվել է վարչական իրավախախտման 547 ակտ 34,4 մլն դրամ արժեքով, շրջակա միջավայրին պատճառված վնասի 348 արձանագրություն՝ 153 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Ջրային ռեսուրսների պահպանության եւ օգտագործման ոլորտում հայտնաբերվել է 74 խախտում: կազմվել է 49 ակտ՝ 17,8 մլն դրամով:
ԲՆ տեսչությունն արձանագրել է նաեւ 968 հատ ապօրինի հատված ծառ, որոնց համար հաշվարկվել է 52 մլն դրամ տուգանք:
ԲՆ-ից հայտնում են, որ արտասահմանյան ֆինանսավորմամբ շարունակում են իրականացվել 10 ազգային եւ 8 տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր:




























