Հայ-ռուսական տնտեսական համագործակցության 2009 թ-ի արդյունքները եւ 2010 թ-ի հեռանկարներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը:
Նա ընդհանուր առմամբ նշեց, որ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2009 թ.-ին կրճատվել է: «Ռուսական ներդրումները 2009թ.-ին հայաստանյան տնտեսությունում ընդհանուր առմամբ կրճատվել են 35%-ով»,- նշեց Զայցեւը:
Այդուամենայնիվ, 2009թ.-ին երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններում Ա. Զայցեւը դրական համարեց Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների կայուն աշխատանքը:
«Ոչ մի ընկերություն չի լուծարվել, բոլորը աշխատում են: Ռուսական ներդրումները Հայաստանում ամբողջովին պահպանվել են կառուցվածքային տեսակետից, եւ տնտեսական ճգնաժամը դրանց վրա չի ազդել»,- ասաց Զայցեւը: Նա դրական համարեց նաեւ ռուսական կողմից Հայաստանին 500 մլն դոլարի վարկի հատկացումը , ինչպես նաեւ հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որն անցած տարի նիստ էր գումարել Յարոսլավում, որտեղ քննարկվեցին երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության բոլոր խնդիրները:
Ա. Զայցեւը ասաց նաեւ, որ վերջապես Մարս գործարանում հունական «Ինտերկոմ տելեկոմ» ընկերության հետ համատեղ այս տարի կսկսվի էլեկտրատեխնիկայի արտադրությունը:
« 2010թ.-ին դժվար է մեծ նախագծեր սպասել, հիմնականում պետք է պահպանենք այն դրական միտումները, որոնք նախանշվել են: Սակայն, ուզում եմ նշել, որ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը այսօրվա դրությամբ ավելին է քան 2,5 մլրդ դոլարը, եւ այդ ներդրումները առաջիկա 2-3 տարիների ընթացքում կաճեն մինչեւ 5 մլրդ դոլարի»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը:



























