Հայտնի է դարձել Թբիլիսյան խճուղում կեսգիշերին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետեւանքով մահացած երիտասարդի ինքնությունը: NEWS.am-ին ոտսիկանությունից հայտնեցին, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 23.50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Արսեն Շահբազյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմացի մայթեզրին, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արսեն Շահբազյանի կրծքավանդակին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Թբիլիսյան խճուղում կեսգիշերին վիճաբանություն է տեղի ունեցել, որն ողբերգական ավարտ է ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, նույն փողոցում գտնվող «Էտնա» ռեստորանի դիմացի մայթին մի խումբ երիտասարդներ վեճի են բռնվել, նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդի, ով Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` դանակահարողը փախուստի է դիմել:




























