Իր՝ մեկ տարուց ավել գործունեության ընթացքում Սփյուռքի նախարարությունը կարողացել է լուծել իրավական եւ կազմակերպչական մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ իրականացնել կրթական, մշակութային եւ տեղեկատվական ոլորտներին Սփյուռքի մասնակցության ապահովմանն ուղղված աշխատանքներ։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության 2009թ. գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին Սփյուռքի նախարարության հաշվետվությունում։

Նույն այդ հաշվետվության համաձայն, այդ ընթացքում Սփյուռքի նախարարությունը կազմել է գործակցության ծրագրեր եւ կնքել հուշագրեր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ արդյունաբերական պալատի հետ։ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում բացվել է սփյուռքագիտության ամբիոն։

2009-ին նախարարության գերակա ծրագրերից են եղել «Մեր մեծերը» խորագրով նախագիծը, որի ներքո մի շարք միջոցառումներ են իրականացվել՝ նվիրված Վազգեն Առաջին կաթողիկոսին, Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քրքորյանին։ Իրականացվել է նաեւ «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան է այցելել շուրջ 300 սփյուռքահայ երիտասարդ։

Բացի այդ, նախարարության աջակցությամբ Սփյուռքի հայ համայնքներում նկատվել է կիրակնօրյա դպրոցների ստեղծման միտում։ Սփյուռքի շուրջ 50 կրթօջախներ ստացել են 16 հազար 456 կտոր գրականություն։

2009-ի ընթացքում քննարկվել եւ հաստատվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը, գործակցության ծրագրեր եւ Սփյուռքի հետ կապերի ամրապնդման այլ միջոցառումներ։ Անցած տարվա ընթացքում կազմակերպվել է նախարարի հինգ մամուլի ասուլիս, հրատարակվել են մի շարք հարցազրույցներ։