ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2009 թվականին աշխատանքերը կազմակերպել է սոցիալական հուզումները եւ դժգոհությունները բացառելու ուղղությամբ։ Այս մասին նշված է նախարարության 2009 թվականի գործունեության մասին հաշվետվությունում։ Ըստ դրա՝ նախորդ տարի նախարարությունը մշակել է սոցիալական պաշտպանության հակաճգնաժամային ծրագիր։
Նախարարության տվյալով, գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 7,1 տոկոս՝ տարեսկզբի 6,3 տոկոսի փոխարեն։ 99 հազար 308 աշխատանք փնտրողներից որպես գործազուրկ է ձեւակերպվել 84 հազար 493 մարդ։ Աշխատանքի է տեղավորվել 9394 հոգի, որոնց 24,7 տոկոսը երիտասարդներ են։ Գործազրկության նպաստ են ստանում 33 հազար 300 մարդ։
Նախարարության հաշվետվության համաձայն 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում 522835 կենսաթոշակառու է հաշվառված։ Մահացել է 21 հազար 860 կենսաթոշակառու։ Կենսաթոշակի միջին չափը կազմել է 24617 դրամ, 2008 թվականի համեմատ կենսթոշակի գումարն ավելացել է 15,5 տոկոսով։
Նախարարության տվյալներով՝ 2009 թվականին 45823 երեխայի ծննդյան միանվագ նպաստ է տրվել, իսկ մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի նպաստ տրվել է 7114 ընտանիքի։
Վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է ընտանեկան նպաստի ոչ հասցեական նշանակված եւ վճարված 4 մլն 635 հազար դրամ գումար։
Նախարարությունը հաշվետվության մեջ նաեւ նշել է, թե մամուլի քանի հաղորդագրություն է տարածել, քանի մամուլի ասուլիս է հրավիրել։




























