Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ հունվարի 15-ին կարգադրություն է ստորագրել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության կազմը հաստատելու մասին:

ԱԺ նախագահն իր այդ կարգադրությամբ ԵԽԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամների ցանկից հանել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին եւ հրահանգել չֆինանսավորել ու չկազմակերպել ԵԽԽՎ «ժողովրդական կուսակցություն խմբի» բյուրոյի, Մոնիթորինգի հանձնաժողովի ու 4 այլ հանձնաժողովների հիմնական անդամ Զարուհի Փոստանջյանի գործուղումը այդ հանձնաժողովների առաջիկա նիստերին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հովիկ Աբրահամյանի այս որոշումն ապօրինի է համարել՝ նշելով, որ նա խախտել է ՀՀ մի շարք օրենքների եւ ԵԽԽՎ կանոնակարգի պահանջները:

«Մենք դեռեւս կանդրադառնանք այս հակաօրինական ակտին, սակայն մինչ այդ` խնդրում ենք տրամադրել այդ կապակցությամբ հրավիրված խորհրդակցության արձանագրությունը, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգերը»,- նշել է Սաֆարյանը՝ ԱԺ նախագահին հղած դիմումում: