Պաշտոնական Երեւանը հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ եռակողմ հանդիպման փաստը հունվարի 25-ին՝ Սոչիում: Մասնավորապես, այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղել են Երեւանում, որտեղ հանդիպել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ներկայումս միջնորդները գտնվում են Բաքվում: Նրանց տարածաշրջանային այցը հենց կապված է վերոնշյալ հանդիպման կազմակերպման հետ, հանդիպման հնարավորությունն օրերս քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ նման ձեւաչափով երկու հանդիպում արդեն անցկացվել է: Վերջինը կայացել է անցած տարվա հոկտեմբերին՝ Քիշնեւում, իսկ 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրվել էր Մայնդորֆյան հռչակագիրը:




























