Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերքում է, որ հայհոյել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:«Այն, որ առանձին լրագրողներ կամ առանձին լրատվամիջոցներ ինչ-ինչ պատճառով իրականությունը կամ ասված խոսքը կարող են խեղաթյուրել, կամ էլ չեղած տեղը իրադարձություններ մոգոնել, նորություն չէ: Գոնե ինձ համար: Եվ միշտ չէ, որ հարկ եմ համարել անդրադառնալ հանիրավի մեղադրանքներին կամ որպես ճշմարտություն ներկայացվող ասեկոսներին: Բայց ամեն ինչ սահման ունի»,- ասվածէ  մարզպետի տարածած հայտարարության մեջ: Սուրեն Խաչատրյանի կարծիքով` «Ժողովուրդ»-ի »Սյունիքի մարզպետը հայհոյե՞լ է Գագիկ Ծառուկյանին» հաղորդագրությունը դուրս է լրատվական էթիկայի, մասնագիտական տարրական պատասխանատվության ու պարկեշտության սահմաններից: «Եթե մեղմ բնութագրեմ տպագրվածը, ապա այն լկտի սուտ է, արհեստականորեն մարդկային հարաբերություններ սրելու փորձ եւ թերեւս էժանագին քաղաքական հնարքներ բանեցնելու հետին նպատակներ հետապնդող ինչ որ անբարո անձի մտախավարման արդյունք»,- հայտարարել է Սյունիքի մարզպետը:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ժողով է հրավիրել, որի ընթացքում խիստ բարկացած տոնով ասել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մնացած այլ պաշտոններից բացի, պահանջում է նաեւ Սյունիքի մարզպետի պորտֆելը: Նա այնքան զայրացած է եղել, որ անգամ հայհոյել է: Ժողովին ներկա աշխատակիցները վատ վիճակում են հայտնվել մարզպետի պահվածքից, որի հետ երեկ այդպես էլ թերթը չի կարողացել զրուցել: