Թուրքիայի նախարարների խորհրդի նիստը, որը նախագահել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չի քննարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ: Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ` 3 ժամ տեւած նիստից հետո կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ նիստում չի քննարկվել Հայաստանի ՍԴ-ի որոշումը: Չիչեքը նշել է, որ այդ կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է արել, եւ եթե Հայաստանը անկեղծ է ու հավատում է արձանագրությունների օգտակարությանը` պետք է այս հարցի կապակցությամբ Թուրքիայի կասկածները փարատող հայտարարությամբ հանդես գա, որովհետեւ այդ որոշումով իրականացված ջանքերը ջուրն է ընկնում:

Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացնում էր, որ Հայաստանի ՍԴ որոշումը քննարկվելու է նախարարների խորհրդի նիստում:

Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հունվարի 19-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանության մասին, հակասում է «արձանագրությունների ոգուն ու բովանդակությանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ եթե Հայաստանի ՍԴ որոշումը չփոխվի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կսառեցվի։

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Նալբանդյանը զանգել էր իր թուրք գործըներոջը՝ Ահմեդ Դավութօղլուին՝ իր տարակուսանքը հայտնելով թուրքական կողմի հայտարարությունների վերաբերյալ եւ նկատելով, որ թուրքական կողմն է փորձում ձգձգել արձանագրությունների վավերացումը: