Թուրքիայի արեւելյան հատվածում գտնվող Էրզրում նահանգի (հայկական Կարին) շրջկենտրոններից մեկի աղբավայրում մեծ քանակությամբ սպանված շներ են հայտնաբերվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրզրում նահանգի Աշքալեյի քաղաքապետարանին պատկանող աղբավայրում որսորդական հրազենով սպանված մեծ թվով շներ հայտնաբերվելու փաստը զայրացրել Թուրքիայի «Կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի» (HAYTAP) անդամներին։ HAYTAP-ի մամուլի խոսնակը պահանջել է հայտնաբերել եւ պատժել ոճրագործությունն իրականացնողներին։
Աշքալեյի քաղաքապետ Ահմեդ Յափթըրմըշը հայտարարել է, թե տեղյակ չեն, թե ովքեր են կոտորել շներին՝ շեշտելով, թե աղբատար մեքենաները դրանք հայտնաբերել են փողոցում եւ տեղափոխել աղբավայր։





























