Ախալցխայում(Վրաստան, Սամցխե-Ջավախքի շրջան) մտավախություն չկա 1940-ական թթ.-ին արտաքսված մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման առումով։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։
Նա նշեց, որ վրացական իշխանություններն այդ ծրագրով նախատեսում են ընդամենը 3 հազար մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումը Վրաստանի հարավային շրջաններում. «Հստակ խոսակցություն չկա, որ նրանք կբնակեցվեն Ախալցխայում, իսկ հիմնական մասը կտեղաբաշխվի Աջարիայում ու նրա հարակից շրջաններում։ Վրաստանի իշխանությունները դեմոգրաֆիկ խնդիրներից ու բախումներից խուսափելու համար շահագրգռված է նրանց բնակեցնել տարբեր շրջաններում, միայն այն պարզ պատճառով, որ 1940-ականների արտագաղթից հետո մեսխեթցի թուրքերի գյուղերը բնակեցվել են հիմնականում վրացի ազգաբնակչությամբ»,-ասաց Ստեփանյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ նրանց հոսքը աճի, նա պատասխանեց, որ դա այլեւս հնարավոր չէ. «Նրանք ունեին հայրենադարձության կարգավիճակի մասին դիմումներ ստանալու հնարավորություն, սակայն, այժմ գրանցման ժամկետը սպառվել է, գործընթացը կասեցվել է ու իրավական առումով այժմ նրանք չեն կարող վերաբնակեցման պահանջներ առաջադրել»,-ասաց Առնոլդ Ստեփանյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Վրաստանի խորհրդարանը 2007 թ-ին օրենք է ընդունել «Խորհրդային Վրաստանից 20-րդ դարի 40-ական թթ-երին հարկադիր տեղահանման ենթարկվածների հայրենադարձության» մասին: Օրենքի համաձայն, Վրաստանից ստիպողաբար տեղահանված անձինք հայրենադարձվելու իրավունք են ստացել: Մեսխեթցիների հետ միասին նման իրավունք են ստացել նաեւ քուրդ-մահմեդականները, խեմշիլները (հայ-մահմեդականները) եւ կարափափախները, ովքեր Վրաստանում ապրել են մինչեւ 1944 թթ-ն:




























