Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 7-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Տալլինում կայանալիք «Եվրամիության ռազմավարությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում եւ ոլորտային իրավական ու տնտեսական հիմնահարցերը, ներառյալ` անվճարունակությունը» թեմայով միջազգային գիտաժողովին։
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ օրակարգի՝ նոյեմբերի 9-ին նախատեսվում է նաեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ելույթը «Կատարողական վարույթը եւ սնանկությունը. հիշյալ գործընթացների փոխհարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայի վերաբերյալ։
Նշենք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը միջոցառմանը կմասնակցի Էստոնիայի Դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների Պալատի հրավերով։




























