Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարատությունը մնալու է այնպես, ինչպես կա, իսկ հայության նկատմամբ վերաբերմունքի էական փոփոխություն չի լինելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ մինչեւ Սահակաշվիլու պաշտոնավարման ավարտը Վրաստանում կարող է լինել անկայունության շրջան, քանի որ իշխանափոխություն է լինում եւ Վրաստանը անցնում է գերմանական մոդելին: Քաղաքագետը նշեց, որ անկախություն հռչակելու օրից Վրաստանի քաղաքական էլիտան հակադրվել է Ռուսաստանի քաղաքական էլիտային եւ որդեգրել արեւմտյան վարքագիծ, բայց «ֆլիրտը, սիրախաղը լինելու է, որովհետեւ փորձելու են պահպանելով արեւմտյան կողմնորոշումը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ ստեղծել»: «Այդ խաղը ենթադրում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձ մայր երկիր: Պուտինի իշխանության փոփոխությունից հետո Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի է հետամուտ պետական շահին եւ չի նվիրի Աբխազիան եւ Օսիան, եթե նվիրի, ապա կլինի աշխարհի ամենանբարո պետությունը, բայց դա չի լինի»,- ասաց նա: Լեւոն Շիրինյանը կանխատեսեց, որ վրացիների ֆլիրտը ռուսների հետ մեզ համար ստեղծելու են բարդություններ, եւ մեր ղեկավարությունը պետք է ուշադիր հետեւի վրացական խաղին, որ հանկարծ չզրկվի ռուսական գահի մոտ զբաղեցրած տեղից:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ տնտեսապես Վրաստանը կապված է Ռուսաստանի հետ, եւ ուզեն, թե չուզեն ստիպված են Ռուսաստանի հետ սկսել հարաբերությունները: «Օբամայի նախագահ ընտրվելուց հետո վրաց-ամերիկյան հարաբերությունները մի քիչ վատացել են, քանի որ ուշադրությունը պակասել է: Օբամայի վերընտրվելը նշանակում է, որ ուշադրությունը կլինի ցածր մակարդակի, պետք է քայլ անեն եւ ԱՄՆ-ին ցույց տան, որ իրենք կարեւոր են»,- ասաց նա: Ջոնի Մելիքյանի ոխսքով՝ առաջիկա ամիսներին Վրաստանի՝ արտաքին քաղաքականության հետ կապված լուրջ փոփոխությունների չարժի սպասել, քանի որ Վրաստանում այժմ ներքին փոփոխություններ են եւ նոր թիմը չի ձեւավորվել: «Վրաց-ռուսական հարաբերությունները կարելի է դիտել զուտ Հարավային Օսիա-Աբխազիա հարաբերութուններով: Վրատսանը կարիք ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու եւ դեկտեմբերին կարող ենք սպասել նոր լուրերի, նոր հարաբերությունների»,- ասաց վրացագետը:





























