Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Ալավերդի քաղաքի թիվ 5 ավագ եւ Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում նախակրթարանների բացման արարողությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԳ նախարարությունից: Արմեն Աշոտյանը շնորհավորել է լոռեցիներին նախակրթարանների բացման կապակցությամբ` նշելով, որ վերջին տարիներին նախարարության իրականացրած ծրագրերը հասել են որոշակի հաջողությունների, ինչի վառ ապացուցն է 2012 թվականին Լոռիի մարզի 14 համայնքում 20 նախակրթարանի բացումը, որոնցում ընդգրկված է շուրջ 450 երեխա:

Նախարարն ընդգծել է, որ բոլոր դպրոցահեն նախակրթարաններն օրենքով սահմանված կարգով ստանալու են համապատասխան ֆինանսավորում` մեկ աշակերտի թվով շուրջ 80 000 դրամ: Ըստ նախարարի` համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզներին, սակայն,  գործող օրենսդրական դաշտը թույլ չի տալիս պետական բյուջեից հատկացումներ ստանալ:  Նախարարի փոխանցմամբ` կրթության ոլորտի հաջողված ծրագրերից է նաեւ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը. Արմեն Աշոտյանի հաջորդ այցը Լոռու մարզի տարածաշրջանային պետական քոլեջ էր, որտեղ նախարարը շրջել է լսարաններում, ծանոթացել քոլեջի նյութատեխնիկական բազային եւ հնարավորություններին, զրուցել ուսանողների հետ:  Մարզային այցելության շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի անդամների եւ ուսանողների հետ, քննարկվել են բարձրագույն կրթական համակարգի մի շարք խնդիրներ: Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ պետական բուհերի, այդ թվում նաեւ Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր խոշորացման խնդիրներին` նշելով, որ բուհերի խոշորացման գործընթացն անխուսափելի է, որի  իրականացման համար, ըստ նախարարի, հիմք են հանդիսանալու օբյեկտիվ ստեղծված պատճառները, մասնավորապես, գիտամանկավարժական ներուժի խոշորացման եւ կենտրոնացման, ֆինանսական արդյունավետ կառավարման, բնակչության քանակին համապատասխան ուսումնական հաստատություններ ունենալու  եւ այլ խնդիրներ: Կայացած միջոցառումներին եւ հանդիպումներին ներկա էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am