Խորհրդարանական հանրապետության սահմանադրական համակարգի ստեղծման դեպքում խորհրդարանը կունենա բացառիկ դերակատարում եւ ամենակարեւորը, համակարգ, որում իշխանության ողջ պատասխանատվությունը կստանձնեն քաղաքական կուսակցությունները։Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում ասաց «Քրիստոնեա-Դեմոկրատական» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Ես չեմ մերժում, որ մեր պետությունն ընտրի կառավարման այդ մոդելը, բայց համոզված եմ, որ նրան անցնելու համար գոյություն ունի կարեւոր նախապայման՝ քաղաքական կուսակցությունների կայացած լինելը։ Քանի դեռ մեր կուսակցություններում ներկուսակցական ժողովրդավարությունն որպես ինստիտուտ ձեւավորված ու թափանցիկ չէ, ապա դեռ վաղ է նմանատիպ կուսակցություններին վստահել երկրի կառավարման պատասխանատվությունը»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց , որ անհատների դերը մեր հասարակությունում դեռ ընդգծված, անհրաժեշտ ու անխուսափելի է, ուստի կիսանախագահական համակարգը դեռ արդարացված է ու կատարելագործվելու հնարավորություն ունի. «Մեր հասարակությունում առկա արատները՝ կաշառակերությունը, հովհանավորչությունը, իշխանության չարաշահումը պայմանավորված չեն կառավարման համակարգով։ Այս 20 տարիներին փոխվել են ընդդիմություններ, իշխանություններ, բայց այն արատները, որ գոյություն ունեն, չեն վերացել։ Այդ ամենի պատճառը ոչ թե համակարգն է, այլ նաեւ մենք բոլորս, երբ պաշտոնի անցնելով դառնում ենք ամբողջովին ուրիշ»,-ասաց Հարությունյանը։

Վերջում նա հավելեց, որ տպավորություն է ստեղծվում՝ որոշ քաղաքական ուժեր, հանդես գալով նման առաջարկություններով, նպատակ են հետապնդում շեղվել հիմնական քաղաքական զարգացումներից, խուսափել պատասխաններից, իսկ այդպիսի որոշումներ միայն նեղ քաղաքական կուլիսներում են մշակվում։