Հայաստանում ստեղծվել է բավականին տհաճ իրավիճակ,  քաղաքական կուսակցությունների մեծ մասը չեն կարողանում հստակ դիրքորոշում հայտնել ու ակնհայտ է, որ քաղաքական դաշտը, գերշուկայական իրականության պայմաններում, անմխիթար վիճակում է ու գաղափարական լուրջ խնդիրներ չեն առաջադրվում։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԺԴ ղեկավար, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Արշակ Սադոյանը։

«Նման պայմաններում հարց է առաջանում ինչ՞ անել։ Պատերազմը դեռեւս չի ավարտվել, խնդիրները նույնն են՝ գործազրկություն, արտագաղթ, պայմաններ չկան լուրջ քաղաքական գործունեության համար։ Ուստի մենք առաջարկում են մեր դեղատոմսը ստեղծված իրավիճակը շտկելու համար»,-ասաց Սադոյանը։

Նա նշեց, որ անհրաժեշտ է համացանցի միջոցով բնակչությանը ներգրավել քաղաքական գործընթացներին, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վիրտուալ կապը հասանելի լինի բոլորին։ «Քաղաքական գործիչներն ու ուժերը հնարավորություն չունեն ընտրական գովազդը իրականացնել հեռուստատեսությամբ, իսկ դա կարող է իրականացվել համացանցի միջոցով, կարելի է կայքում տեղադրել տեսանյութեր եւ այն կդիտեն ավելի շատ մարդիկ։ Ուստի, անհրաժեշ է ստեղծել մարդկանց վիրտուալ շփման կազմակերպված խումբ, նրանում ներգրավել Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք կկարողանան իրենց կամքն արտահայտել իշխանություններին ու անհրաժեշտության դեպքում վիրտուալից անցնեն իրական դաշտ»,- ասաց Սադոյանը։

Նա նշեց, որ նման նախաձեռնության իրականացումը պայմանավորված է մի քանի խնդիրների լուծմամբ, սակայն արդյունքում բնակչությանը հնարավորություն կտրվի գրեթե անվճար օգտվել համացանցից ու բջջային կապից. «Խնդիր է դրված Հայաստանի ողջ տարածքը ծածկել անվճար Wi-Fi կապով, այդպիսի համակարգ ստեղծել ուսումնական հաստատություններում, հանգստի կենտրոններում, խանութներում։ Բացի այդ, վերացնել համակարգիչների ու կապի այլ միջոցների նկատմամբ հավելյալ արժեքի հարկը։ Նման պայմաններում համացանցը հասանելի կլինի հասարակության լայն խավերին, կկազմակերպվեն ակտիվ քննարկումներ ու հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց պահանջները։