Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Միջոցառման նպատակն է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ VivaCell-MTS-ի հետ համատեղ իրականացնել խորհրդանշական ծառատունկ:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արամ Հարությունյանը նախ ողջունել է Ուրծաձոր գյուղի էկոկրթական կենտրոնի սաներին, այնուհետեւ ծանոթացել նրանց պատրաստած աշխատանքներին: Կենտրոնի սաները նախարարին նվիրել են իրենց պատրաստած աշխատանքներից փաթեթ:
Հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է կառույցի կատարած աշխատանքներին եւ արդյունքներին:
Ծառատունկի շրջանակներում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՀՀ Բնապահպանության նախարարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման Հուշագիր: Այն սահմանել է հետագա համագործակցությունը հիմնադրամի եւ նախարարության միջեւ, որն էլ հանդիսանում է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի անմիջական պատասխանատուն: Արամ Հարությունյանը նշել է,- ՙՅուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ունենա արդյունք եւ պետք է միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար՚:
Արամ Հարությունյանը նշել է նաեւ, որ ողջունում է հիմնադրամի ջանքերը ուղղված «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի հիմնադրմանը՝ արգելոցի այս հատվածի համար ստեղծելու պահպանվող բուֆերային գոտի, քանի որ «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի հարակից տարածքների կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը խորապես նպաստում է արգելոցի սահմանների ներսում պաշտպանության բարելավմանը:





























