Ոստիկանությունը նոր փաստեր է ներկայացրել գողություններ կատարած երեք կանանց գործունեությունից:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները նոյեմբերի 2-ին, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, Քանաքեռի 6-րդ փողոցից բերման էին ենթարկել 1966 թ. ծնված Էլմիրա եւ Գայանե Սարգսյաններին:

Պարզվել էր, որ նրանք, հագուստ վաճառելու պատրվակով, պարբերաբար մտել էին Երեւան քաղաքի եւ մի շարք մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել էր տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար: Երբեմն նրանց էր միացել նաեւ Էլմիրա Սարգսյանի քույրը` 1972 թ. ծնված Ալվարդ Սարգսյանը:

Ոստիկանների կասկածները, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են, հիմնավորեցին հերթական տուժողները:

Նոյեմբերի 9-ին, ժամը 14.05-ին, Երեւանի Արցախի փողոցի բնակչուհի, 86-ամյա Աննա Ղ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 8-ին դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա Սարգսյանին, որը ս/թ. հոկտեմբերի կեսերին, ժամը 16.00-ի սահմաններում, հագուստ վաճառելու պատրվակով մուտք է գործել իր բնակարան եւ ուշադրությունը շեղելով` հյուրասենյակի սեղանի վրա դրված պայուսակից գողացել 450.000 դրամ եւ ոսկյա զարդեր:

Մեկ այլ տուժող նոյեմբերի 9-ին դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոմիտասի պողոտայի բնակչուհի, 70-ամյա Ռիմա Ն.-ն հայտնել է, որ նախորդ երեկոյան դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա եւ Գայանե Սարգսյաններին, որոնք ս/թ. ապրիլի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, պղպեղ եւ գիշերային հագուստ վաճառելու պատրվակով մտել են իր բնակարան ու շեղելով իր ուշադրությունը` բնակարանի ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել են 590.000 դրամ, իսկ պահարանում դրված պայուսակից՝ 16 գ կշռով ոսկյա 2 ժամացույց:

Գողությունների փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: