Դիլիջանի ոլորաններում նոյեմբերի 10-ին ձորն ընկած «Կրայսլերի» ղեկին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գեներալի աղջիկը» սերիալի հերոսներից մեկն էր` Միքոյի դերակատար, 22-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Գեներալի աղջիկը» սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը: Նա նշեց, որ, բարեբախտաբար, դերասանը որեւէ լուրջ վնասվածք չի ստացել եւ հիվանդանոց չի տեղափոխվել, ընդամենը մի թեթեւ ձեռքն է ցավացել եւ քերծվածքներ է ստացել: «Ինքը առողջ է, նկարահանումների մեջ է, երեկ եմ տեսել, իր հետ ոչ մի բան չի եղել»,- ասաց նա: Ռեժիսորի խոսքով` նա պատահարի ժամանակ խմած չի եղել, պարզապես պատահար է, որը Դիլիջանի ոլորաններում հաճախակի կարող է լինել:
Վթարից հետո դերասանի աչքը չի վախեցել եւ արդեն նստել է այլ մեքենայի ղեկին` Mercedes G-Class: Վթարի ենթարկված «Կրայսլերը» բավականին վնասվել է:«Նա շատ կենսախինդ, ուրախ տղա է, շատ լավատես, իր հետ ոչինչ չի եղել»,- ասաց Ելենա Արշակյանը:
Հիշեցնենք, որ Երեւան - Իջեւան ավտոճանապարհի 88-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 10-ին, ժամը 02.58-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Կրայսլեր» մակնիշի 60 QQ 888 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 22-ամյա Ռաֆիկ Խաչատրյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Ժամը 03.47-ին հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ռ. Խաչատրյանին, ով հրաժարվել է առաջին բուժօգնությունից:





























