Վերաքննիչ դատարանում Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների բողոքի քննությունը ընթացել է խիստ լարված մթնոլորտում: Դատավոր Արմեն Դանիելյանն դահլիճից հեռացրել էր 4 ակտիվիստներից 3-ին` Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին: Որպես բողոքի նշան` դատարանի դահլիճը լքեց նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանը: Դատարանում մնացած 4-րդ ակտիվիստ Արտակ Կարապետյանը հրաժարվել էր վերջին խոսքից, եւ դատական նիստը հետաձգվել է մինչեւ վաղը` ժամը 12-ը: Դատավորը մերժել է պաշտպանող կողմի միջնորդությունները եւ վաղը կայանալիք նիստում պետք է հրապարակի վճիռը:
Իրավիճակը թեժ է եղել ոչ միայն դատական նիստերի դահլիճում, այլեւ դատարանի շենքի մոտ: Դատարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիները վանկարկում են «Ազատություն» եւ իրենց վրդովմունքը արտահայտում դատախազի եւ դատավորի կողմնակալ կեցվածքի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ փաստաբան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ:
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:





























