Արարատի մարզի Նոր կյանք գյուղում, նոյեմբերի 11-ին, ինքնասպանություն գործած 17-ամյա Մ.Բ.-ն ընտանիքի հետ միասին հարսանիքի է հրավիրված եղել, սակայն հրաժարվել է ծնողների եւ եղբոր հետ գնալ հարսանիքի՝ պատճառաբանելով, թե կմնա տանը, որ դասերը պարապի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա համագյուղացիները:

Նոր Կյանք գյուղի գյուղապետարանից տեղեկացանք, որ նրանք ազգությամբ եզդի են, սակայն շատ մերված են հայերի հետ: Երկու եղբայր են, ովքեր դպրոցում շատ լավ են սովորել. մեծ եղբայրն այս տարի ընդունվել է Երեւանի Ճարտարագիտական համալսարան: Մ.Բ.-ն եւս պարապել է, որ ԲՈՒՀ ընդունվի: Համագյուղացիները պատմեցին, որ ընտանիքում հայրն է աշխատել եւ  պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնել: Երկար տարիներ տուն չեն ունեցել եւ միայն վերջերս են կիսակառույց տուն գնել եւ վերանորգման աշխատանքներով զբաղվել: Ավելին` հենց այդ նոր կառուցվող տանն էլ Մ.Բ.-ն  ինքնասպանությունն է գործել:

«Իրենք ուրիշի տանն են ապրում, սակայն կողքն  իրենց կիսակառույց տունն են վերանորոգում, որտեղ էլ հենց կախվել է: Հարեւանից աստիճան է ուզել: Հարեւանն աստիճանը տվել է եւ ասել, որ շուտ բերի, քանի որ նա էլ պետք է գործ անի: Իսկ երբ ուշացել է, հարեւանը գնացել է եւ նրան կախված է հայտնաբերել: Անմիջապես զանգել է հորեղբորը եւ հարսանիքից ծնողներին հետ են կանչել»,- պատմեցին համագյուղացիները:

Համագյուղացիներն,. ինչպես իրենք էին բնութագրում, շոկի մեջ են, քանի որ նրանից նման քայլ չէին սպասում: Նրանք բացառեցին, որ Մ.Բ.-ն ֆինասական խնդիրների պատճառով ինքնասպանություն գործած լինի: «Նա երկու տեղ պարապում էր, հայրը ֆինանսապես ապահովում էր: Նա, անպայման, բարձրագույն կրթություն էր ցանկանում ստանալ: Իրենց ազգում բարձրագույն ավարտները շատ են: Հորեղբայրը գիտաշխատող է: Բոլորը շոկի մեջ են եւ չեն հասկանում, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ»,- ավելացրեցին համագյուղացիները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Նոր կյանք գյուղում նոյեմբերի 11-ին, ժամը 17-ի սահմաններում կիսակառույց երկհարկանի տան երկրորդ հարկի բետոնե ծածկից պարանով կախված հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 17-ամյա Մ. Բ.-ի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության Արարատի բաժնից:

Նա, ինքնասպանությունից առաջ, «Ինձ կներեք» բովանդակությամբ գրառում է թողել: Սույն գործով քննիչ Հայկ Հովհաննիսյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության գաղտնիությունից ելնելով քննիչն, այլ հարցերի հրաժարվեց պատասխանել: