Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ին`Ղազանչի գյուղի մոտ,
նոյեմբերի 10-ին Երեւանից Ստամբուլ մեկնող «Մերսեդես Բենց» մակնիշի DNT 450 համարանիշի ավտոբուսի շրջվելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Ի դեպ, այդ արարքը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով
Մեր ունեցած տեղեկություններով` Երեւան-Ստամբուլ փոխադրումը իրականացնում էր «Մահմուդ տուրը»: Թեեւ փոխադրումն իրականացնող եւ վթարի ենթարկված ավտոբուսի վրա գրված էր տուրի անունը, սակայն որեւէ տեղեկատուում այդ տուրի մասին որեւէ տվյալ չկար: Հնարավոր չեղավ կապվել «Մահմուդ տուրի» հետ` պարզելու, թե ինչը կարող էր լինել վթարի հնարավոր պատճառ, փոխհատուցելո՞ւ են ուղեւորներին, թե՞ ոչ եւ այլն:
Նշենք, որ ավտովթարի հետեւանքով զոհվել էր 45-ամյա Արաքսի Վրեժի Ղազարյանը, տուժել 36 հոգի: Նրանցից 25-ը տեղափոխվել էր Գյումրիի բժշկական կյենտրոն, որտեղ 8 հոգին, ստանալով առաջին բուժօգնություն, նույն օրը դուրս են գրվել հիվանդանոցից: Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում վստահեցրել էր, որ տուժածներից որեւէ մեկը որեւէ լումա չի ծախսել բուժօգնության համար: «Բոլոր ծախսերն արվել են պետպատվերի շրջանակում եւ նաեւ ապահովագրական ընկերությունն է փոխահատուցել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին, ժամը 14.10-ի սամաններում Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ Ղազանչի գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել: Մեկ մարդ զոհվել է, եւս 23 ուղեւորներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Շիրակի մարզի հիվանդանոցներ:
Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:


Լուսանկարները` Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի





























