«Հրապարակը» գրում է, թե մինչ վարչապետն իր համապատասխան ենթականերով  զբաղված է պանրի մեջ ցուպիկներ հայտնաբերելով եւ այդ մասին հանրությանը ահազանգելով, սիբիրախտի համաճարակը տարածվում է մարզերով: Մինչդեռ պետք է վարակի դեմ խստագույն պայքար գնար, եւ մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեին:

Երեկ տեղեկացանք, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում եւս կովի անկում է եղել: Նմուշառումն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, պատճառը դեռ հայտնի չէ, սակայն սիբիրախտի կասկածներ կան: Նշենք, որ սիբիրախտ է հայտնաբերվել Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզերում, եւ այս վերջինը՝ Կոտայքում:

Սննդի անվտանգության ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը հաստատել է Զովունիում կովի անկման դեպքը, բայց լաբորատոր փորձաքննության արդյունքը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցվել էր քրգործ Քրեական օրենսգրքի 277 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը:

Թեեւ հայտնի է, որ վարակի աղբյուրն անասուններին  չպատվաստելն է, սակայն ոչ ոք դեռ չի ձերբակալվել: Նախաքննական մարմինը սպասում է քննիչի կողմից նշանակված համալիր փորձաքննության եզրակացությանը, ինչի վրա էլ հիմնվելով՝ կփոխվի նախաքննության ընթացքը: